
Էմոցիաների կառավարում
Էմոցիաները հոգեբանական և ֆիզիկական արձագանքներ են, որոնք արտահայտում են, թե ինչպես է մարդը արձագանքում իր շրջակա միջավայրում տեղի ունեցող իրադարձություններին։ Դրանք կարող են առաջանալ անձնական փորձառություններից կամ արտաքին իրավիճակներից։ Օրինակ՝ վախ՝ վտանգի հանդիպելիս, կամ ուրախություն՝ լավ լուր ստանալիս։
Էմոցիաների տեսակները
Դրական էմոցիաներ – Հաճելի և ուրախ էմոցիաներ են՝ ուրախություն, սեր, երախտագիտություն, վստահություն, հոգատարություն, բավարարվածություն, հույս և այլն։
Բացասական էմոցիաներ – Տհաճ էմոցիաներ են՝ վախ, անհանգստություն, զայրույթ, տխրություն, հիասթափություն, անքնություն և այլն։
Ի՞նչ ազդեցություն ունեն տարբեր էմոցիաներ առօրյա կյանքի որակի վրա․
Էմոցիաները շարժիչ ուժ են, որոնք ազդում են մարդու ամենօրյա շփումների, որոշումների և վարքագծի վրա։ Դրանց շնորհիվ մարդը ընտրում է, թե ինչպես վարվի և ինչպես ապրի։ Էմոցիաներն են, որոնք հնարավորություն են տալիս ապրել կյանքը ամբողջությամբ՝ իր բոլոր պայմաններով, և որոշում են աշխարհը ընկալելու և ճանաչելու ձևը։ Դրանց միջոցով մարդը
✅Կայացնում է ճիշտ որոշումներ՝ լինի դա աշխատանք ընտրելիս, թե կյանքի զուգընկեր։
✅Սովորում և հիշում է՝ քանի որ ուժեղ էմոցիոնալ բեռնվածություն ունեցող փորձառությունները երկար ժամանակ են հիշվում և դառնում ուսուցման և փորձ ձեռք բերելու կարևոր մաս։
✅Զգում է ֆիզիկական առողջության փոփոխություններ՝ քանի որ շարունակական սթրեսը և անհանգստությունը կարող են առաջացնել առողջական խնդիրներ, մինչդեռ դրական էմոցիաները նվազեցնում են սթրեսը, բարելավում առողջությունն ու բարձրացնում իմունիտետը։
✅Հասնում է ինքնագիտակցության՝ քանի որ իր էմոցիաները ճանաչելու և հասկանալու կարողությունը զարգացնում է ինքնաճանաչողությունը, ինչը նպաստում է ավելի հասուն որոշումների կայացմանը և արդյունավետ հաղորդակցությանը։
✅Ստեղծագործում է՝ քանի որ շատ մեծ արվեստի գործեր ծնունդ են առել ուժեղ էմոցիաներից՝ սեր, տխրություն կամ նույնիսկ զայրույթ։ Էմոցիաները ոգեշնչում են մարդուն՝ տարբեր ձևերով արտահայտվելու համար։
✅Հասնում է հոգեբանական և էմոցիոնալ հավասարակշռության՝ քանի որ երբ մարդը կարողանում է կառավարել իր էմոցիաները, նա ապրում է ավելի ներդաշնակ և կայուն կյանք, ինչը դրականորեն է անդրադառնում կյանքի բոլոր ոլորտների վրա։
Նշենք նաև, որ նույնիսկ դրական էմոցիաները կարող են վնասակար լինել, եթե չափից շատ լինեն, քանի որ խանգարում են տեսնել և ընդունել օգտակար բացասական էմոցիաները, որոնք կարող են նպաստել առողջ ու անհրաժեշտ փոփոխությունների։
Էմոցիաների կառավարումը
Էմոցիաները կառավարելն այն կարողությունն է, որով մարդը կարողանում է հասկանալ և վերահսկել թե՛ բացասական, թե՛ դրական էմոցիաները՝ դրանք վերածելով իր և շրջապատի համար առավել օգտակար արդյունքների։
Դրանք կոչվում են «կառավարվող», քանի որ ճիշտ կառավարումը բերում է մեծ նյութական և բարոյական շահի, իսկ սխալ վերաբերմունքը՝ մեծ կորուստների։
Ինչպե՞ս առողջ ձևով կառավարել էմոցիաները
Գոյություն ունեն մի շարք քայլեր, որոնք օգնում են մարդուն սովորել, թե ինչպես կառավարել իր էմոցիաները․
🔹Արտահայտել – Չպետք է ճնշել էմոցիաները, քանի որ դա կարող է հանգեցնել ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական խնդիրների։
Դրական էմոցիաների արտահայտումը մարդու բնական իրավունքն է, իսկ բացասական էմոցիաների արտահայտումը պահանջում է վերահսկում, որպեսզի դրանք չվնասեն ո՛չ մեզ, ո՛չ ուրիշներին։
🔹Բնութագրել – Երբ մարդը կարողանում է ճանաչել իր էմոցիայի ուժգնությունը, օրինակ՝ չափավոր տխրություն կամ խոր տխրություն, նա ավելի լավ է կարողանում դրան արձագանքել։
🔹Վերլուծել – Պետք է հասկանալ, թե ինչու է առաջացել տվյալ էմոցիան։
🔹Վարվել դրա հետ – Հասկանալով էմոցիայի պատճառը՝ անհրաժեշտ է կենտրոնանալ դրա լուծման վրա։ Օրինակ՝ սպորտով զբաղվելը օգնում է հանգստանալ և կուտակել դրական էներգիա։
Բարձր սպասելիքներ չձևավորել կյանքից և մարդկանցից, որպեսզի չհիասթափվենք։
Եվ վերջապես՝ կարևոր է զարգացնել գիտակցումը՝ տեղի ունեցողի նկատմամբ, քանի որ դա օգնում է մարդուն ավելի լավ վերահսկել իր էմոցիաները։
Եզրակացություն
Մարդը պետք է կարողանա պատասխանատվություն ստանձնել իր էմոցիաների համար, ղեկավարել և վերահսկել դրանք։ Միայն այդ ժամանակ նա կապրի երջանիկ, հարմարավետ կյանք՝ թե՛ տանը, թե՛ աշխատանքում։
Հոդվածի հեղինակ՝ Հալա Բայդուն, արաբերենի ուսուցիչ

Article by Big Mind
Published 24 Jun 2025