Էմոցիոնալ այրումը ուսուցչի մոտ

Էմոցիոնալ այրումը ուսուցչի մոտ

  Ուսուցչի աշխատանքը շատերն ընկալում են որպես «թեթև» մասնագիտություն, սակայն իրականում այն պահանջում է հսկայական էներգիա, մշտական ներգրավվածություն և խորը հուզական ներբեռնվածություն։ Շատ ուսուցիչներ տարիներ շարունակ աշխատում են առանց բավարար հանգստի, հաճախ առանց գոհացնող արդյունքների ու բավարար գնահատանքի։ Արդյունքում, նրանք կարող են բախվել այնպիսի լուրջ խնդրի, ինչպիսին է էմոցիոնալ այրումը։ 

  Էմոցիոնալ այրումը (burnout) հոգեբանական վիճակ է, երբ մարդը զգում է ուժերի սպառում, հիասթափություն ու անտարբերություն իր մասնագիտության նկատմամբ։ Այն զարգանում է դանդաղ և հաճախ աննկատ։ Սկզբում կարող են նկատվել միայն հոգնածություն, քնի խանգարումներ, սթրես։ Սակայն հետագայում կարող են ի հայտ գալ ավելի լուրջ նախանշաններ՝ 
▪️անտարբերություն ուսանողների ու աշխատանքի հանդեպ, 
▪️մշտական գերհոգնածություն, նույնիսկ հանգստից հետո, 
▪️հուզական անկայունություն, 
▪️կենտրոնացման դժվարություններ, 
▪️ինքնագնահատականի անկում և մեղավորության զգացում, 
▪️ֆիզիկական խնդիրներ՝ գլխացավեր, անքնություն և այլն։ 

  ❓Իսկ ինչ անել, եթե նկատում եք այս նշանները։ 
1.Ընդունեք խնդիրը։ Շատ ուսուցիչներ փորձում են «մարդկանց աչքին ուժեղ երևալ» և չեն խոսում իրենց հոգնածության մասին։ Առաջին քայլը խնդիրը հասկանալն ու ընդունելն է։ 
2. Բալանսավորեք աշխատանքն ու հանգիստը։ Փորձեք սահմանել հստակ ժամեր, երբ այլևս չեք պատասխանում նամակների կամ պատրաստում դասեր։ 
3.Խոսեք գործընկերների հետ։ Երբեմն նույն իրավիճակը ապրող մեկ այլ ուսուցչի հետ զրույցը կարող է մեծ աջակցություն լինել։ 
4.Մի մոռացեք Ձեր հանգստի մասին։ Արեք այն, ինչը ձեզ ուրախացնում է՝ սպորտ, ընթերցանություն, բնության գրկում ժամանակ։ 
5․Փնտրեք այն, ինչն ամենից շատն է ուրախացնում ձեր աշխատանքի մեջ։ Հիշեք, որ ուսուցիչ լինելը պարզապես աշխատանք չէ։ Փոքրիկ հաջողություններն անգամ կարող են հիշեցնել՝ ինչի համար եք ընտրել այս ուղին։

Հոդվածի հեղինակ՝ Լյուսի Խաչատրյան, անգլերենի ուսուցիչ

Big Mind

Article by Big Mind

Published 12 Jul 2025