Էմոցիոնալ ինտելեկտ՝ ինչպես զարգացնել և կիրառել առօրյայում
Էմոցիոնալ ինտելեկտը (EI) ձեր սեփական զգացմունքները կառավարելու և շրջապատի մարդկանց զգացմունքները հասկանալու ունակությունն է։
EI-ի հիմնական 5տարրերն են՝ ինքնագիտակցություն, ինքնակարգավորում, մոտիվացիա, էմպատիա և սոցիալական հմտություններ: Բարձր էմոցիոնալ ինտելեկտ ունեցող մարդիկ կարողանում են տարբերակել իրենց զգացմունքները, հասկանալ դրանց իմաստը և գնահատել դրանց ազդեցությունը ինչպես իրենց, այնպես էլ ուրիշների վրա:
- Ինչո՞ւ Է Էմոցիոնալ Ինտելեկտը Կարևոր
Բարձր EI ունեցող մարդիկ ավելի լավ են կառավարում հարաբերությունները, հասկանում այլոց զգացմունքները և ավելի արդյունավետ են բանակցություններում: Աշխատավայրում, օրինակ, բարձր EI ունեցող աշխատակիցները խուսափում են չմտածված քայլերից՝ նախքան իրավիճակին արձագանքելը:
Կան տարբեր տեսակետներ այն մասին, թե քանի մակարդակ ունի էմոցիոնալ ինտելեկտը: Ձեզ ենք ներկայացնում դրանցից 4 ամենատարածվածները։
Էմոցիոնալ Ինտելեկտի 4 Մակարդակները
- Ինքնագիտակցություն - մեր զգացմունքները ճանաչելու և դրանց ազդեցությունը հասկանալու ունակությունն է: Երբ հասկանում ենք, թե ինչ ենք զգում և ինչու, մեր վարքագիծը դառնում է ավելի գիտակցված:
- Ինքնակարգավորում - զգացմունքների վերահսկումն է, ինչը մեզ օգնում է խուսափել իմպուլսային արձագանքներից և պահպանել հավասարակշռված մոտեցում:
- Սոցիալական գիտակցություն - շրջապատի մարդկանց զգացմունքներն ընկալելու ունակությունն է, ինչը մեզ օգնում է ավելի արդյունավետ արձագանքել և կառուցել ներդաշնակ հարաբերություններ:
- Հարաբերությունների կառավարում - արդյունավետ հաղորդակցման և հարաբերությունները կառուցելու արվեստն է, որը մեզ հզորացնում է թե՛ անձնական, թե՛ մասնագիտական կյանքում:
Ինչպե՞ս Բարելավել Ձեր Էմոցիոնալ Ինտելեկտը
Ահա մի քանի քայլ EI-ն զարգացնելու համար.
- Պատասխանելուց առաջ դադար տվեք - երբ զգացմունքները տեղի են տալիս, կանգ առեք, շնչեք, մտածեք և նոր սկսեք խոսել:
- Հասկացեք ինքներդ ձեզ - գնահատեք ձեր ուժեղ և թույլ կողմերը. իմանալով ձեր ներքին խնդիրները՝ կկարողանաք ճիշտ կողմնորոշվել և օգնել ուրիշներին:
- Զարգացրեք էմպատիայի զգացում - փորձեք իրավիճակը դիտարկել ուրիշի տեսանկյունից:
- Ուշադրություն դարձրեք ոչ վերբալ ազդանշաններին - լսելու հետ մեկտեղ հետևեք իրավիճակին նաև տեսողական առումով՝ հասկանալու համար, թե ինչ են ասում կամ լռում շրջապատող մարդիկ:
- Հստակ և բաց հաղորդակցություն - ամբողջ ուշադրությունը սևեռեք զրուցակցին:
Էմոցիոնալ ինտելեկտը առօրյայում
Էմոցիոնալ ինտելեկտի կառավարման հմտություններին տիրապետելը չի նշանակում կատարյալ լինել: Սա ինքնագիտակցության և ինքնադրսևորման միջոց է՝ թե՛ ինքներդ ձեզ, թե՛ մյուսներին հասկանալու համար: Անկախ նրանից՝ աշխատավայրում եք, դպրոցում, ընկերների հետ, անգամ անծանոթ միջավայրում, այս հմտությունները կարող են փոխել ձեր փոխհարաբերությունների որակը՝ դարձնելով ձեզ ավելի գիտակից ու հավասարակշռված: