Ինչպե՞ս գրել հաջողված շարադրություն

Ինչպե՞ս գրել հաջողված շարադրություն

Շարադրությունը գրավոր արտահայտվելու հիանալի միջոց է, որի միջոցով սովորողը ներկայացնում է իր մտածողությունը, աշխարհընկալումը, լեզվամտածողությունը և ստեղծագործական կարողությունները։ Այն միայն գրական աշխատանք չէ շարադրություն գրելն ուսուցանում է տրամաբանորեն մտածել, կառուցել ուղիղ, հստակ և շարահյուսորեն ճիշտ տեքստեր։

Բայց ինչպե՞ս գրել հաջողված շարադրություն։ Ահա մի քանի հիմնական փուլեր և խորհուրդներ, որոնք կօգնեն ձևավորել բովանդակային և գրագետ շարադրություն։

Թեմայի ըմբռնում և վերլուծություն։ Նախ և առաջ պետք է ուշադիր ընթերցել շարադրության թեման և հասկանալ, թե ինչ է այն պահանջում։ Որոշ թեմաներ ավելի կոնկրետ են, օրինակ՝ «Իմ սիրելի գիրքը», իսկ որոշ թեմաներ՝ ավելի վերացական՝ «Ի՞նչ է բարությունը»։ Ուշադրություն դարձրեք՝ արդյոք թեման պահանջում է նկարագրություն, վերլուծություն, կարծիք արտահայտել, թե պատմել որևէ բանի մասին։ Շարադրություն գրելուց առաջ կարևոր է կազմել պարզ պլան, որը կունենա երեք հիմնական մասեր՝

  • Ներածություն – կարճ նախաբան, որտեղ ներկայացվում է թեման։
  • Հիմնական մաս – այնտեղ են զարգացվում հիմնական մտքերը, բերվում փաստեր, օրինակներ։
  • Եզրակացություն – ամփոփում, ընդհանուր գաղափար, սեփական վերաբերմունք կամ կոչ ընթերցողին։

Ուշադրություն դարձրեք ձեր մտքերի հաջորդականությանը՝ կապակցված խոսքին։ Յուրաքանչյուր պարբերություն պետք է արտահայտի մեկ հիմնական միտք։ Բառերն ընտրեք ուշադիր՝ խուսափելով կրկնություններից ու բարդ, անհասկանալի նախադասություններից։

Շարադրությունը կլինի ավելի հետաքրքիր, եթե ներառեք սեփական փորձից մի հետաքրքիր դիպված, պատմություն, տարբեր համեմատություններ, համեմատականներ գրական կերպարների կամ հայտնի մարդկանց հետ։ Օրինակները օգնում են կոնկրետացնել և ամրապնդել ձեր տեսակետը։

Գրելուց հետո միանգամից մի հանձնեք շարադրությունը։ Կարդացեք բարձրաձայն՝ նկատելու համար լեզվական սխալները, անհասկանալի նախադասությունները կամ անհամապատասխան կապերը։

Օգտակար խորհուրդներ

❕ Մի վախեցեք գրել սեփական ոճով։

Խուսափեք բառերի և նախադասությունների ավելորդ կրկնություններից։

Աշխատեք զարգացնել բառապաշարը՝ ընթերցելով գրականություն։


Հոդվածի հեղինակ՝ Գոհար Օհանջանյան, հայերենի ուսուցիչ

 

Big Mind

Article by Big Mind

Published 20 Aug 2025