Ինքնակրթություն

Ինքնակրթություն

  Ժամանակակից և արագ փոփոխվող աշխարհում ինքնակրթության դերը շատ կարևոր է, եթե ոչ վճռական։ Անհատը իր գիտելիքների հիմքը դնում է դպրոցում, որտեղ օգնում են հասկանալ ինչ է մեզ պետք և ինչպես պետք է առաջնորդվենք անհրաժեշտը իրականացնելու համար։ Բայց հետագայում զարգանալու, անձնապես աճելու և մասնագիտության մեջ լավագույնը դառնալու համար դպրոցական կամ բուհական գիտելիքները բավարար չեն:

  Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը ուղղակի կամ անուղղակի ազդեցություն է ունենում աշխատանքի փոփոխման վրա,այն առավել հեշտ և արդյունավետ է դարձնում ինֆորմացիայի հավաքագրումը և կիրառելությունը։ Եվ հաջողակ կլինեն նրանք, ովքեր կարողանում են հարմարվել միջավայրին ու իրավիճակին, կառավարել իրավիճակը կամ փոխել այն, ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը կամ պարզապես քայլել կյանքի թելադրած ուղիներով։ 

  Եթե ինքնակրթության դերը չկարևորենք, ապա ոչ միայն առաջ չենք գնա, այլև հետ կգնանք մեծ քայլերով։ Անկախ նրանից, թե ինչպես է զարգանում հասարակությունը, մարդը կարող է կատարելագործել ինքն իրեն և փոխել աշխարհը այնպես, ինչպես ինքն է ուզում։ Ինքնակրթության միջոցով մարդը ոչ միայն կրթվում է, այլև բացահայտում է ինքն իրեն։ Այն թույլ է տալիս առավել մրցունակ լինել և դիմանալ բոլոր մարտահրավերներին, ձևավորել քննադատական մտածողություն։ Ինքնակրթությունը արդիական է բոլոր ժամանակներում, և այն մեծ պատասխանատվություն է պահանջում։ Միայն որակյալ կրթության միջոցով կարող է ձևավորվել կիրթ հասարակություն։ Այն թույլ է տալիս, որ անհատը աճի անձնապես, ձևավորի իր ինքնուրույն մտածողությունը, ունենա սեփական կարծիք և այն արտահայտելու կարողություն։ 

  Այսպիսով` ինքնակրթությունը գիտակցված գործընթաց է, որը միտված է ձեռք բերելու նոր գիտելիքներ և կարողություններ։ Խրախուսելի է, երբ անհատն առաջնորդվում է《Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ》սոկրատեսյան սկզբունքով և շարունակում է կատարելագործվել և կայանալ որպես հասարակության մի կարևոր մասնիկ։

Հոդվածի հեղինակ՝ Դիանա Կասյան, հայերենի մասնագետ

Big Mind

Article by Big Mind

Published 03 May 2025