
Խաղը որպես ուսուցման մեթոդ
Վերջին շրջանում թե՛ ուսուցիչները, թե՛ դասախոսները հաճախ են մտահոգվում, որ ուսուցման արդյունավետությունն ընկել է, որևէ բան սովորելու ցանկությունը՝ պակասել։ Գլոբալ պատճառներ փնտրել պետք չէ։ Ուսուցման այն մեթոդները, որոնք գործում էին տարիներ առաջ, այսօր կարող են այլևս արդյունավետ չլինել։
Սովորական դաս անցկացնելով՝ հաճախ հնարավոր չէ հասնել այն արդյունքներին, որոնց ձգտում ենք։ Ժամանակի փոփոխությունների հետ պետք է նորարար մոտեցումներ կիրառել, տեղեկատվական տեխնոլոգիաներն արդյունավետորեն ներառել ուսուցման գործընթացում և մեթոդների ճիշտ համադրությամբ ապահովել հետաքրքիր ու ներգրավող կրթություն։
Խաղը ուսուցման ամենաարդյունավետ մեթոդն է, որ ոչ միայն նպաստում է սովորողի երևակայության զարգացմանը, մարզում է հիշողությունը, այլև զարգացնում է մտածողությունը, լուծումներ գտնելու, խելամիտ մրցելու կարողությունը, ձևավորում է օգտակար սովորություններ, սովորեցնում է համբերատար լինել.անվերջ կարելի է թվել։
Հնագույն քաղաքակրթություններում մարդիկ խաղերով են սովորել կարդալ, հաշվել, ռազմավարություն մշակել։ Այսօր էլ խաղերը չեն կորցրել իրենց արդիականությունը։ Սա բնավ չի նշանակում, որ այն խաղերը, որ եղել են հնում, այսօր էլ նույն կերպ կիրառելի են, չնայած այսօր էլ ունենք խաղեր, որոնք դրանց վերափոխված, կատարելագործված ձևերն են։ Ժամանակի ընթացքում խաղը՝ իբրև ուսուցման մեթոդ փոփոխությունների է ենթարկվել, հարմարեցվել կրթության և ժամանակի պահանջներին։ Խաղը գործիք է, որ ուսուցման գործընթացը դարձնում է հետաքրքիր, գրավիչ, ինչպես նաև անուղղակի դառնում է գիտելիքի ստացման աղբյուր․սովորեցնում է առանց սովորեցնելու։ Ուսուցման այն յուրահատուկ մեթոդներից է, որոնց կիրառությունը արժևորվում է ոչ միայն արդյունքով, այլև գործընթացով։
Ահա մի փոքրիկ խաղ հայերենը նոր սովորողների համար։ Կրկնեք Ձեր իմացածը հետաքրքիր ու տպավորիչ ձևով՝ անցնելով հղումով։
https://learningapps.org/watch?v=p0s26r9tn23
Հոդվածի հեղինակ՝ Արինա Դավթյան, հայերենի ուսուցիչ

Article by Big Mind
Published 17 Mar 2025