Փոքր սովորություններից՝ նշանակալի արդյունքներ

Փոքր սովորություններից՝ նշանակալի արդյունքներ

Ամեն օր մեր կատարած փոքր գործողությունները ձևավորում են ոչ միայն մեր առօրյան, այլ նաև՝ մեր ապագան։ Ճիշտ ընտրված ու կրկնվող վարքագիծը կարող է դառնալ սովորություն՝ նպաստելով մեր անձնական աճին ու հաջողություններին։ 

Գիտնականները լաբիրինթոսում շոկոլադ են տեղադրել և ուսումնասիրել՝ ինչպես են առնետները սովորում գտնել այն։ Մի քանի անգամ ջանք գործադրելուց հետո երևույթը նրանց համար դառնում է մեխանիկական աշխատանք, սովորություն, որն այլևս նրանցից շատ էներգիա չի խլում։ Այդ նույն սովորույթի ուժով մենք առավոտյան վեր ենք կենում, հավաքում մեր անկողինը և մի բաժակ թեյ կամ սուրճ խմում։ 

Ընդունված տեսակետը այն մասին, որ սովորությունը ձևավորվում է, երբ 21 օր անընդմեջ կատարում ես նույն գործողությունը, միֆ է։ Վաղուց արդեն պարզել են, որ մեր գործողությունները սովորություն են դառնում 18-254 օրերի ընթացքում կրկնության արդյունքում, միջին թիվը 64-ն է։ Այս թիվը փոխվում է՝ կախված տարբեր հանգամանքներից՝ գործողության տիպից, կատարողի տարիքից, ֆիզիկական և հոգեկան վիճակից, շրջապատից և այլն։ 

Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք:

Յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, որը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի: Սովորության ձևավորման շրջանը բաղկացած է երեք փուլից՝ ազդակ, գործողություն և պարգև։ Նախ պետք է գիտակցված նպատակ ունենալ և փնտրել լուծումներ, կշռադատել ու գնահատել հնարավոր լավ և վատ հետևանքները, և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես նախապատրաստվել, հետո միայն սկսել գործողությունների շարքը, ամեն անգամ տարբեր եղանակներով կարող եք պարգևատրել ինքներդ Ձեզ պարգևները առաջ մղող ուժի դեր են կատարում։ Որոշ ժամանակ անց կտեսնեք, որ նույն գործողությունը անում եք ավելի արագ, գրանցել եք հաջողություններ և աճ։ Հիանալի օրինակ է նոր լեզու սովորելը։ Շատերը մտածում են, որ մեկ ամսվա ընթացքում, առանց լրացուցիչ ջանք գործադրելու հնարավոր է լեզու սովորել։ Ո՛չ , սիրելի ընկերներ, լեզուն պահանջում է հետևողականություն և շատ աշխատանք, բայց եթե դուք նոր լեզուն սովորելը դարձնեք Ձեր առօրյայի մաս, հստակ պլանավորեք Ձեր աշխատանքը, կունենաք մեծ թռիչքներ և ավելի մեծ ուժ՝ շարունակելու և նոր հաջողություններ գրանցելու օրինակ՝ ամեն օր հինգ նոր բառ սովորելով՝ մեկ տարի հետո դուք կիմանաք ավելի քան 1800 բառ։ 

Առաջարկում եմ՝ հենց հիմա առանձնացնեք մաքուր թուղթ կամ բացեք Ձեր նշումների հավելվածը, գրեք Ձեր վատ և լավ սովորությունները։ Փորձե՛ք վատերից ազատվելու և նոր, լավ սովորություններ ձեռք բերելու քայլեր մշակել։

Հոդվածի հեղինակ՝ Արինա Դավթյան, հայերենի ուսուցիչ

Big Mind

Article by Big Mind

Published 25 Apr 2025