
Սթրեսակայունություն
Ժամանակակից աշխարհում սթրեսը, ցավոք սրտի, դարձել է մարդու ամենօրյա ուղեկիցը՝ լինելով աշխատանքի, ուսման, սոցիալական հարաբերությունների կամ անձնական խնդիրների արդյունք։ Մեզնից յուրաքանչյուրը սթրեսին տարբեր կերպ է արձագանքում։ Ոմանք արագ ընկճվում են, իսկ մյուսները կարողանում են համբերատարությամբ հաղթահարել դժվարությունները։ Հենց այս հմտությունն էլ կոչվում է սթրեսակայունություն։
Սթրեսակայունությունը մարդու հոգեբանական կարողությունն է, որի շնորհիվ նա կարողանում է պահպանել հանգստությունը, հստակ մտածել և ճիշտ որոշումներ կայացնել նույնիսկ ամենասթրեսային իրավիճակներում։ Սա հմտություն է, որը կարելի է ժամանակի ընթացքում զարգացնել։ Այն զարգացնելու համար անհրաժեշտ է նախևառաջ աշխատել ինքնաճանաչման վրա, սովորել ճիշտ վերահսկել էմոցիաները, ճիշտ կազմակերպել ժամանակը և պահպանել առողջ ապրելակերպ։
Սթրեսակայուն մարդիկ, որպես կանոն, ունեն դրական մտածելակերպ, հավատում են սեփական ուժերին և ունեն իրենց մշտապես աջակցող շրջապատ։ Նրանք կարողանում են դժվարությունները դիտարկել որպես սովորելու և աճելու հնարավորություն։
❓Իսկ Ինչպե՞ս զարգացնել սթրեսակայունությունը.
1․ Հաճախ կատարեք շնչառական պարզ վարժություններ։
2․ Հաճախ քայլեք, օրական առնվազն 15 րոպե։ Քայլելը կօգնի ուշադրությունը շեղել այլ ուղղությամբ։
3․ Կիսվեք ձեզ անհանգստացնող մտքերով ձեր նոթատետրերում, օրագրերում։ Գրելը կօգնի գնահատել սեփական հույզերն ու զգալիորեն կնվազեցնի տագնապը։
4․ Կենտրոնացեք ոչ թե խնդրի, այլ դրա լուծման տարբերակների վրա։
5․ Հիշեցրե՛ք ինքներդ ձեզ, որ ամեն բան անցողիկ է։ Մեկ տարի անց դուք նույնիսկ չեք հիշի այն ամենի մասին, ինչն այսօր անլուծելի խնդիր է թվում։
6․ Հետևեք ոչ միայն ֆիզիկական, այլև մենթալ առողջությանը․ կատարեք մեդիատացիաներ, յոգա, հաճախ մարզեք միտքը և գտեք նոր հոբբիներ։
Հոդվածի հեղինակ՝ Լյուսի Խաչատրյան, անգլերենի ուսուցիչ

Article by Big Mind
Published 16 May 2025