
Ծնող-ուսուցիչ կապը երեխայի կյանքում
Երեխայի զարգացման և դաստիարակության գործընթացում կարևորագույն դեր են խաղում երկու հիմնական ուժ՝ ընտանիք ու դպրոց։ Այդ երկու աշխարհների կապող օղակը ծնող-ուսուցիչ համագործակցությունն է։ Երբ այս կապը ամուր է, երեխայի ուսումնական, սոցիալական և հոգեբանական զարգացումը դառնում է ավելի համահունչ ու հավասարակշռված։
Առաջին հերթին ծնող-ուսուցիչ կապը ձևավորում է վստահության մթնոլորտ։ Երբ ծնողը պարբերաբար հաղորդակցվում է ուսուցչի հետ, նախ՝ երեխան հասկանում է, որ երկուստեք գտնվում է ուշադրության կենտրոնում, ապա՝ ավելի մեծ տարիքում գիտակցում է, որ իր շուրջը հավաքված մեծահասակները միասին են աշխատել իր հետագա կայացման համար, և. երկուսի ներդրումն էլ մեծ է։ Ծնող-ուսուցիչ համագործակցությունը լավագույնս է օգնում հասկանալ և լուծել երեխայի դժվարությունները և անհանգստությունները մանավանդ դեռասության շրջանում։ Այս կապը կարևոր է երեխայի վարքագծային և հոգեբանական փոփոխությունները ժամանակին նկատելու և կանխարգելելու համար։ Օրինակ, երբ ուսուցիչը նկատում է, որ սովորաբար աշխույժ և ակտիվ երեխան դարձել է կաշկանդված, լուռ կամ խուսափում է դասընկերներից, նա կարող է կապ հաստատել ծնողների հետ։ Սա ծնողի և ուսուցչի միջև հրաշալի համագործակցություն է ՝ հասկանալու երեխայի ներքին աշխարհը և անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել։
Բացի այդ, ծնողների մասնակցությունն ուսումնական գործընթացին բարձրացնում է երեխայի մոտիվացիան։ Երբ երեխան գիտի, որ մայրը կամ հայրը ներկա են ծնողական ժողովներին, կարդում են նրա առաջադրանքների վերաբերյալ նշումները կամ նույնիսկ մասնակցում են դպրոցի միջոցառումներին, նա զգում է, որ իր կրթությունը կարևոր է ոչ միայն իր, այլև իր ընտանիքի համար։ Երեխայի մոտ ինքնըստինքյան խթանվում է պատասխանատվության զգացումը և սովորելու ցանկությունը։
Հատկանշական է նաև, որ ծնող-ուսուցիչ համագործակցությունը օգնում է կայունացնել պահանջների և արժեքների համակարգը։ Երբ տանը և դպրոցում երեխային ներկայացվում են միևնույն արժեքները՝ հարգանք, պարտաճանաչություն, ազնվություն, հետևողականություն, նա դառնում է ավելի ինքնավստահ և կայուն մարդ։ Ամփոփելով կարելի է ասել, որ ծնող-ուսուցիչ կապը երեխայի կյանքում հսկայական ազդեցություն ունի, որոնք թե՛ կրթական են, թե՛ հոգեբանական, թե՛ բարոյական։ Այդ կապը պետք է լինի շարունակական, բաց և գործընկերային։
Հոդվածի հեղինակ՝ Մանէ Աղաջանեան, հայերենի ուսուցիչ

Article by Big Mind
Published 17 Apr 2025