
Թվային գործիքների կիրառումը հայերենի դասերին
21-րդ դարում կրթությունը արագ կերպով փոխվում է՝ արձագանքելով տեխնոլոգիական առաջընթացին։ Այս փոփոխության մի մասը կազմում է թվային գործիքների ինտեգրումը դասապրոցեսին, ինչը հատկապես կարևոր է լեզվի ուսուցման մեջ։ Հայոց լեզվի դասերին թվային միջոցների կիրառումը ոչ միայն արդիականացնում է դասավանդումը, այլև խթանում սովորողների հետաքրքրությունը, մասնակցությունը և լեզվական հմտությունների զարգացումը։
Աշակերտների մեծ մասը այսօր ծանոթ է թվային աշխարհին, ինչը տրամաբանական է դարձնում դասարանում այդ գործիքների օգտագործումը։ Ցանկացած լեզու կենդանի է, երբ այն գործածվում է առօրյայում։ Թվային միջավայրն իր լայն հնարավորություններով կարող է վերածվել հայերենով հաղորդակցվելու, կարդալու, գրելու ու մտածելու հարթակի։
Օրինակ՝ Kahoot-ը և նմանատիպ այլ հարթակները թույլ են տալիս ստեղծել խաղային վարժություններ՝ բառապաշարի, հոմանիշների, հականիշների կամ շարադասության վրա։ Խաղային մեթոդները խթանում են ակտիվ մասնակցությունը։ Իսկ Google Docs-ը՝ գտագործում են խմբային աշխատանքների, համատեղ գրավոր գործունեության կամ թեմատիկ քննարկումների համար։ Այսպես սովորողներին ներգրավում են ստեղծագործական աշխատանքներում։ Շատ կարևոր է հատկապես YouTube-ի և ուսուցողական տեսանյութերի օգտագործումը։ Տեսաֆիլմերը, գրականության մասին տեսանյութերը կամ դասախոսություններն ավելի դինամիկ են դարձնում ուսուցման գործընթացը և նպաստում վերլուծական մտածողության զարգացմանը։ Հեյերեն ամենամեծ թվային բառարանը՝ Nayiri.com-ը ամենամեծ գործիքն է բառագիտության ուսումնասիրության համար։
Թեև թվային գործիքներն ունեն մեծ ներուժ, դրանց կիրառումը պետք է լինի մտածված և նպատակային։ Կարևոր է, որ ուսուցիչը նախապես գնահատի գործիքի համապատասխանությունը տվյալ թեմային և դասարանի մակարդակին։ Բացի այդ, պետք է պահպանել լեզվամտածողության զարգացման առաջնահերթությունը՝ խուսափելով մակերեսային, մեխանիկական օգտագործումից։
Թվային գործիքների ներառումը հայերենի դասերին ոչ միայն բարելավում է ուսուցման արդյունավետությունը, այլև զարգացնում է լեզվամտածողությունը՝ հարմարեցված ժամանակակից սերնդի պահանջներին։ Դրանք օգնում են դուրս գալ դասագրքի սահմաններից, և ավելի ստեղծարար մեթոդներ մշակել ուսուցման համար։ Ուստի, թվային ուսուցումը այլևս ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն։
Հոդվածի հեղինակ՝ Գոհար Օհանջանյան, հայերենի ուսուցիչ

Article by Big Mind
Published 01 Aug 2025