«Ո՛չ» ասելու կարևորությունը

«Ո՛չ» ասելու կարևորությունը

Որպեսզի հասկանանք «ոչ» ասելու կարևորությունը, նախ եկեք սահմանենք «ոչ» բառի իմաստն ու նպատակը: «Ոչ» ասելու իմաստը ինչ-որ մեկի կողմից արված խնդրանքը մերժելն ու չկատարելն է: Խնդրանքը կարող է լինել, օրինակ՝ ինչ-որ աշխատանք կատարել նրա փոխարեն (բայց նրա անունով),կամ աջակցել նրան որևէ անձնական գործում և այլն: «Ոչ» ասել նշանակում է, որ ես համաձայն չեմ, պատրաստ չեմ, չեմ կարող կամ չեմ ուզում: Մենք՝ մեր դաստիարակության բերումով, սովոր ենք ասել «այո» և մոռանում ենք, որ կա «ոչ» բառը, որը նույնպես կարելի է օգտագործել։ Մենք ասում ենք «այո» հիմնականում ուրիշների զգացմունքները խնայելու համար՝ լինի նա ընտանիքի անդամ, ընկեր կամ գործընկեր։ Մենք չենք ուզում նեղացնել նրան, ուստի համաձայնվում ենք, նույնիսկ եթե դա վատնում է մեր ժամանակը, վնասում աշխատանքին կամ հանգստին։ Ժամանակի ընթացքում մոռանում ենք մեր մասին ու սկսում ենք կենտրոնանալ միայն ուրիշների վրա՝ նրանց զգացմունքների, կարիքների և խնդիրների վրա։ Նրանք դառնում են մեր առաջնահերթությունը, ինչն առաջացնում է հոգեկան ճնշում, ցրվածություն և կենտրոնացման կորուստ։ Մենք կենտրոնանում ենք ուրիշների խնդիրների վրա և ծախսում ենք մեր ժամանակը դրանց լուծման վրա։ Մտածում ենք ուրիշների նախագծերի մասին՝ կարծելով, որ բարություն ենք անում, և եթե չանենք՝ կթվա, թե վատ մարդիկ ենք։ Իսկ նրանք մեզ սկսում են ընկալել որպես միշտ հասանելի մարդ, ապաստարան, խորհրդատու, ուղեկից, առանց հաշվի առնելու մեր զգացմունքները, պայմաններն ու ժամանակը։ Ոչ թե «եթե ընկերդ մեղր է, չափը գիտես» սկզբունքով, այլ՝ «եթե մեղր է՝ վերցրու որքան կկարողանաս, առանց մտածելու իր մասին»։ Սա բնականաբար սպառում է մեր էներգիան ու մեր կենտրոնանալու ունակությունը։ Իսկ ինքներս մեր մասին հոգ տանելը ամենևին էլ չի նշանակում եսասիրություն, այլ պարզապես՝ իրավունք: Այս ամենից ելնելով՝ «ոչ» ասելը շատ կարևոր և օգտակար է կենտրոնացումը պահպանելու համար, քանի որ մշտապես «այո» ասելը շեղում է մեզ ու ստիպում է շարժվել ուրիշների ցանկություններով՝ զոհաբերելով մեր ուզածը։ 

Ինչո՞ւ մշտապես չասել «այո»․ 
✅Մեր անձնական սահմանները հարգելու համար, քանի որ «ոչ» ասելով՝ մենք սահման ենք դնում, թույլ չենք տալիս ուրիշներին շահարկել մեզ։ 
✅Զգացմունքները պաշտպանելու համար, քանի որ շարունակաբար «այո» ասելը կարող է մեզ ներսից խանգարել, կասկածներ առաջացնել ու նույնիսկ ցավ պատճառել։ 
✅Մեր արժեքը պահելու համար, որովհետև անընդհատ «այո» ասելը կարող է ուրիշների մոտ տպավորություն ստեղծել, թե նրանք արժանի են դրան, և մեր արածի արժեքը կկորչի։ 

❓Ինչպես ասել «ոչ» Կան տարբեր նուրբ ու քաղաքավարի ձևեր՝ «ոչ» ասելու՝ առանց մարդկանց զգացմունքները վիրավորելու։ Լավ կլինի ժամանակ խնդրել մտածելու և պատասխանի ձևակերպման համար։ Ահա մի քանի քաղաքավարի և նրբանկատ եղանակ՝ մերժելու համար․ 
✅Դիմել զբաղվածության և ժամանակի սղության պատճառաբանությամբ։ 
✅Զղջալ և խոստանալ, որ հաջորդ անգամ կկարողանաս։ 
Եվ վերջում՝ պետք է կարողանանք հավասարակշռել «այո»-ի և «ոչ»-ի միջև։ «Այո» ասել այն բաներին, որոնք մեզ հարմար են և վնաս չեն տալիս՝ այսպիսով պահելով լավ հարաբերությունները, ինչը ուրախացնում է դիմացինին։ Իսկ «ոչ» ասել այն բաներին, որոնք մեզ հարմար չեն՝ սակայն միշտ հարգելով դիմացինի զգացմունքները։ Այդ հավասարակշռությունը իսկական արվեստ է ու պահանջում է լրջագույն հմտություն։

Հոդվածի հեղինակ՝ Հալա Բայդուն, արաբերենի ուսուցիչ

Big Mind

Article by Big Mind

Published 08 Apr 2025